Մեր պատմությունը

2016 թվականից ի վեր «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն ընդարձակ գործունեություն է ծավալում մշակութային ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։

«Ֆիլմադարանը» եզակի կազմակերպություն է հայաստանյան կինոյի ասպարեզում, որը կլոր տարի զանազան միջոցառումներ է կազմակերպում՝ փառատոններ, կինոցուցադրություններ, աշխատարաններ, հրատարակում է գրքեր և նկարահանում ֆիլմեր։

Մեր գործունեությունը

Կինոցուցադրություններ

«Ծիրանի ծառ» կինոփառատոնից զատ՝ «Ֆիլմադարան» ՀԿ-ն հարյուրավոր ցուցադրություններ է կազմակերպել Երևանում, Հայաստանի մարզերում և արտասահմանում:

  • 2018-2022 թվականներին Երևանի «Գյոթե» կենտրոնի հետ կազմակերպել է գերմանական կինոյի ակումբ՝ թարգմանելով և ցուցադրելով ավելի, քան 60 դասական և նոր ֆիլմ։
  • 2022-ից առայսօր Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի հետ Ազգային գրադարանում կազմակերպում է Ciné-club-ը՝ ֆրանսիական կինոյի ակումբը, որի շրջանակում թարգմանվել և ցուցադրվել է 60-ից ավելի հին ու նոր ֆրանսիական ֆիլմ։
  • 2021 թվականի հոկտեմբերին հայկական կինոյի ծրագիր է կազմակերպվել Բելգրադի էթնոլոգիական ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում։
  • 2023 թվականի նոյեմբերին Ամստերդամի MACA մշակութային կենտրոնում կազմակերպվել է հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Պատկանելիության կինո» ծրագիրը, որի հասույթն ուղղվել է Արցախից բռնի տեղահանված հայերի կարիքներին։
  • 2023 թվականի նոյեմբերին Գրանադայի «Սինեմիստիկա» միջազգային կինոփառատոնի շրջանակում կազմակերպվել է հայ կինոյի 100-ամյակին նվիրված հետահայաց ծրագիր։
  • 2024 թվականի նոյեմբերին Գրանադայի «Սինեմիստիկա» միջազգային կինոփառատոնի շրջանակում կազմակերպվել է Փարաջանովի 100-ամյակին նվիրված ռետրոսպեկտիվ, ցուցահանդես և միջազգային գիտաժողով։

Ֆիլմարտադրություն

2016 թվականից ի վեր «Ֆիլմադարան» ՀԿ-ն արտադրել կամ համարտադրել է մոտ մեկ տասնյակ վավերագրական և խաղարկային ֆիլմ:

Գրահրատարակչություն

«Ֆիլմադարանը» հրատարակել է մոտ մեկ տասնյակ գիրք:

  • 2019-ին՝ «Իմ Երևան» գիրք-ալբոմը
  • 2020-ին՝ «Փարաջանով․ նամակներ կալանավայրից» ժողովածուի երկրորդ հրատարակությունը
  • 2021-ին՝ «Փարաջանով․ Intermezzo» գիրքը
  • 2023-ին՝ «Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936 թթ․)» բացառիկ ժողովածուն
  • 2024-ին՝ «Նռան գույնը»․ ֆիլմի վավերագիր պատմություն» (ռուսերեն) գիրքը
  • 2026-ին՝ «Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1937-1957)» ժողովածուն (հայերեն/ռուսերեն/անգլերեն)

Աշխատարաններ

Հիմնադրումից ի վեր «Ֆիլմադարան» ՀԿ-ն իրականացրել է բազմաթիվ կրթական ծրագրեր:

  • 2019 թվականից ի վեր Հայաստանի տարբեր գյուղերում իրականացվում է կինոդպրոցի ծրագիրը, որի շրջանակում գյուղացի երեխաները սովորում են ստեղծագործել և ստեղծել սեփական ֆիլմերը։ 2025 թվականի դրությամբ՝ ծրագրի շրջանակում ստեղծվել է շուրջ 25 կարճամետրաժ ֆիլմ, որոնց մի մասը կարելի է դիտել այստեղ։
  • 2019 թվականի մարտին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 15 կինոուսանող մասնակցել են «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Երևանի «Գյոթե» կենտրոնի կազմակերպած «Սև դաշտ» կինոաշխատարանին, որը վարում էր մեծանուն գերմանացի ռեժիսոր, օպերատոր և մանկավարժ Ֆրեդ Քելեմենը։
  • 2019 թվականի ապրիլին «Ֆիլմադարանը» և գերմանական High Art Bureau ընկերությունը կազմակերպել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և բեռլինյան DFFB-ի կինոուսանողների փորձի փոխանակման ծրագիրը Երևանում։
  • 2022 թվականի ամռանը Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվեց կինոաշխատարան, որը վարում էր «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոգետ և կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը։
  • 2025 թվականին «Ծիրանի ծառ» կինոփառատոնի շրջանակում կազմակերպվեց կինոռեժիսոր և Բրյուսելի «Միլենիում» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Զլատինա Ռուսևայի աշխատարանը Հայաստանից և ԵՄ-ից սկսնակ 8 ռեժիսորների համար, որն իրականացվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության, EUNIC Հայաստանի և «Գյոթե» ինստիտուտի աջակցությամբ։
  • 2025 թվականի «Ծիրանի ծառ» կինոփառատոնի շրջանակում կազմակերպվեց իտալուհի ռեժիսոր և մանկավարժ Մարտա Վիոլանտեի կինոաշխատարանը գյուղացի երեխաների համար, որն իրականացվեց Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ։

Միջազգային համագործակցություն

Միջազգային ասպարեզում «Ֆիլմադարանը» ծրագրեր է իրականացնում՝ նպատակ ունենալով նպաստել արտասահմանում հայկական կինոյի հանրահռչակմանը։

Գործընկեր կազմակերպություններ

  • Բրյուսելի «Միլենիում» միջազգային կինոփառատոն
  • Գրանադայի «Սինեմիստիկա» միջազգային կինոփառատոն
  • Բելգրադի էթնոլոգիական ֆիլմերի միջազգային փառատոն
  • Սինեդոկ-Թբիլիսի միջազգային կինոփառատոն

Կապ մեզ հետ

Մենք միշտ պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները և պատասխանել հարցերին

Կապ մեզ հետ

📧

Էլ. փոստ

filmadaran@gmail.com

📍

Հասցե

Երևան, Հայաստան